🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

Լավ ուսանող չեն ծնվում, լավ ուսանող դառնում են 8 խորհուրդ հա | AmeriaStudent

Լավ ուսանող չեն ծնվում, լավ ուսանող դառնում են
8 խորհուրդ հաջողակ ուսանող դառնալու համար


Մենք հավաքել ենք հաջողակ ուսանողների խորհուրդները, դասավորել ենք` ըստ հերթականության, ու տալիս ենք քեզ` որպես պատրաստի ուղեցույց:
Որոշիˊր քո նպատակակետերն ու սահմանիˊր առաջնահերթությունները
Ի՞նչ նպատակներ ես սահմանել քեզ համար: Ցաˊնկ կազմիր և պարբերաբար թարմացրոˊւ այն: Այն քեզ մոտիվացնելու է և ամեն օր օգնելու է ճիշտ ընտրել առաջնահերթությունները:

Զարգացրո'ւ հետաքրքրասիրության զգացումը
Նույնիսկ «ամենաանօգուտ» թվացող առարկան կարող է ոչ այնքան ձանձրալի լինել: Տարաբնույթ գիտելիքները ընդլայնում են քո աշխարհայացքը: Գուցե այդ գիտելիքները կյանքի ինչ-որ իրավիճակում քեզ պետք գան: Պատկերացրոˊւ, որ գործընկերդ ունի հետաքրքիր հոբբի, որի մասին դու էլ պատկերացում ունես: Նրա հետ զրույցը կարող է շատ լավ անդրադառնալ ձեր գործընկերային հարաբերությունների վրա:

Այ որ մի օր էլ ունենայի․․․
Քննությունից անմիջապես առաջ` մեկ գիշերում ողջ նյութը յուրացնելու գաղափարը, մեղմ ասած, վատն է: Մի քանի օրից մոռանալու ես սովորածդ: Ինֆորմացիան յուրացնելու լավագույն միջոցը այն մաս-մաս սովորելն է: Ամեն օր հատկացրոˊւ տվյալ առարկային մեկ ժամ, իսկ քննության նախորդ գիշերը հանգիստ քնիˊր, ոչ թե քննության գնա կարմրատակած աչքերով ու հորանջելով:

Կարգապահությունը գործի կեսն է
Կարգապահությունը քեզ պետք կգա ոչ միայն համալսարանում սովորելիս, այլև ողջ կյանքում: Հիշիˊր, հաջողակ մարդիկ շատ կարգապահ են, կառավարում են իրենց ժամանակը, արարքները և զգացմունքները: Դաս սովորելիս հրաժարվիˊր ցանկացած բանից, որ կարող է շեղել քո ուշադրությունը: Հեռախոսի ծանուցումները անջատում ենք, սիրելիին ասում ենք, որ չխանգարի, սեր հետո կխոստովանի

Ֆիզիկապես ակտիվ և առույգ
Ողջ օրվա ընթացքում առույգ և ակտիվ լինելու համար անհրաժեշտ է, որ դու քնես 8-9 ժամ և զբաղվես սպորտով: Սա թույլ կտա քեզ ունենալ բավարար էներգիա:

Մասնակցիˊր դասախոսություններին և ակտի'վ եղիր
Դասախոսություններին մասնակցելը շատ արդյունավետ է նյութն ամբողջական ու համակողմանի յուրացնելու համար: Շատ դասախոսներ կիրառում են նյութի մատուցման առանձնահատուկ մեթոդներ, կիսվում են իրենց փորձով: Շփումն ու տեղում հարցեր տալու հնարավորությունը կօգնեն ապահովել հետադարձ կապը, իսկ քննությանը պատրաստվելիս ավելի քիչ ժամանակ ծախսել նյութը յուրացնելու համար:

Մասնակցիˊր ուսանողական միջոցառումներին և կապեˊր հաստատիր
Բոլոր համալսարաններում կազմակերպվում են հետաքրքիր քննարկումներ, համաժողովներ, մշակվում են հետաքրքիր նախագծեր: Սա շատ լավ փորձ է, որը քեզ կարող է հետագայում օգտակար լինել ոչ միայն հմտությունների, այլև նոր մարդկանց, գաղափարակիցների հետ հանդիպելու տեսանկյունից: Գուցե հենց այդ ընթացքում ծնվի այն լավ գաղափարը, որը կարող է դառնալ քո կյանքի գործը:

Ոգևորիˊր ինքդ քեզ
Շաբաթվա մեկ օր նվիրի'ր հանգստին ու զվարճանքներին: Կինո, թատրոն, համերգ, ցուցահանդես, արշավ, երեկույթներ. եթե ճիշտ պլանավորես ժամանակդ և սահմանես առաջնահերթությունները, ժամանակ կունենաս նաև ուժերդ վերականգնելու և լիցքաթափվելու համար:

Հիշիˊր, որ քո հնարավորություններն անսահման են: Դու կարող ես փայլել, դառնալ քո ոլորտի լավագույն մասնագետը, եթե ճիշտ օգտագործես հնարավորություններն ու ժամանակը: Համեմատիˊր, թե ինչպիսին էիր դու երեկ, ինչպիսին ես այսօր և ինչպիսին ես ուզում լինել վաղը: