Get Mystery Box with random crypto!

Միˊ մոռացիր հոմանիշների մասին Հաճախ պատահում է այնպես, որ քո փ | AmeriaStudent

Միˊ մոռացիր հոմանիշների մասին
Հաճախ պատահում է
այնպես, որ քո փնտրած տեղեկատվությունը կամ հղումը ոչ թե քո նշած բանալի բառով է, այլ դրա հոմանիշով։ Իսկ Google-ին պետք է հուշել դա։ Դրա համար պետք է որոնվող բառի դիմաց դնել հետևյալ նշանը՝ «~»։ Օրինակ՝ «~յուրօրինակ տներ» կոմբինացիան փնտրելու դեպքում Google-ը քեզ կտա հղումներ, որոնցում բացի «յուրօրինակ» բառից, կլինեն նաև «տարօրինակ, անսովոր, հետաքրքիր» բառերը։ Այսինքն՝ քո որոնման դիապազոնն անհամեմատ կմեծանա, ու ավելի հեշտ կլինի գտնել այն, ինչ անհրաժեշտ է։

Իրականացրոˊւ միանգամից մի քանի որոնում
Քո որոնումներում օգտագործիˊր «|» նշանը և կկարողանաս միանգամից մի քանի բանալի բառերով որոնումներ կատարել։ Օրինակ՝ «Գնել նոթբուք | պլանշետ» կոմբինացիայի դեպքում Google-ը քեզ կտա «Գնել նոթբուք» կամ «Գնել պլանշետ» թեգերով էջեր։

Բացառիˊր անպետք բառերը
Հաճախ լինում է այնպես, որ չես կարողանում գտնել այն, ինչ փնտրում ես, մեկ պարզ պատճառով: Google-ը պարզապես չի հասկանում՝ ինչ ես իրենից ուզում, և անում է «խելքին» փչածը։ Շատ պարզ օրինակ։ Google-ում փնտրում ես «Նապոլեոն»։ Քանի որ Google-ը չգիտի, կոնկրետ ինչ նկատի ունես, քեզ առաջարկում է թխվածքի բաղադրատոմս կամ նկարներ, այնինչ դու Նապոլեոն Բոնապարտին էիր փնտրում։ Այս դեպքում անհրաժեշտ է պարզապես մինուս նշանը դնել «թխվածք» կամ «տորթ» բառի դիմաց։ Օրինակ՝ «Նապոլեոն -տորթ»։ Կարևոր է հիշել, որ մինուս նշանից հետո չպետք է լինի բացատ, այն պետք է կպած լինի բառին։ Իհարկե, սա շատ պարզ օրինակ է, այստեղ պարզապես կարելի է ավելացնել Բոնապարտ բառը, ու խնդիրը կլուծվի: Սակայն մի փոքր ավելի բարդ ու մասշտաբային որոնումների դեպքում այս հնարքը պարզապես փրկօղակի դեր կարող է կատարել։

Պարզում ենք բառերի նշանակությունը
Եթե ցանկանում ես պարզել որևէ բառի նշանակությունը, անհրաժեշտ է օգտվել հատուկ օպերատորից՝ «define:»: Օրինակ՝ «define:ՀՊՄՀ», և գուգլը քեզ կտա տվյալ հապավման բացատրությունը։

Փնտրում ենք` առանց բառերի ընտրության մեջ կողմնորոշվելու
Երբ չես կարողանում կողմնորոշվել, թե որ բանալի բառերով պետք է փնտրես այն, ինչ անհրաժեշտ է, պարզապես ավելացրոˊւ աստղանիշ՝ «*»։ Օրինակ՝ «Լավագույնը * մաթեմատիկայի վերաբերյալ»։ Ու Google-ը քեզ կառաջարկի համապատասխան գրքեր, հոդվածներ, խնդիրներ, լայֆհաքեր։

Փնտրում ենք կոնկրետ բառով կամ արտահայտությամբ
Երբ անհրաժեշտ է գտնել որևէ բառ կամ տեքստի կոնկրետ հատված, պարզապես այն դիˊր չակերտների մեջ(“”), ու Google-ը քեզ կտա միայն այն հղումները, որտեղ գտնվել են այդ տեքստերը։

Փնտրել տեղեկատվություն կոնկրետ կայքում
Իհարկե, միշտ էլ կարելի է հենց կայքում փնտրել այն, ինչ անհրաժեշտ է, սակայն կա մի մեծ խնդիր։ Ոչ բոլոր կայքերն ունեն նորմալ աշխատող որոնման համակարգ, ավելին, բոլոր կայքերի որոնման համակարգերն էլ թերի են։ Ու ցանկալի է դա անել Google-ով։ Ընդամենն անհրաժեշտ է ավելացնել «site:» օպերատորն ու քո հրամանը։ Օրինակ՝ «site:ameriabank.am անշարժ գույք»։

Փնտրում ենք տեղեկատվություն կոնկրետ ֆայլերով
Google-ում կարող եք գտնել տեղեկատվություն հենց կոնկրետ ֆայլով։ Այսինքն` եթե քեզ անհրաժեշտ է տեղեկատվությունը pdf ֆայլով կամ ասենք՝ txt, fb2, psd, eps և այլն, անհրաժեշտ է ավելացնել «filetype:» օպերատորը։ Օրինակ՝ «filetype: psd gradient background»:

Հուսանք այս լայֆհաքերը ավելի կհեշտացնեն քո կյանքը, ու տեղեկատվություն փնտրելն ավելի արդյունավետ կդառնա։