Get Mystery Box with random crypto!

Շփման հմտություններ Այս հմտության շնորհիվ դու կարող ես լեզու | AmeriaStudent

Շփման հմտություններ
Այս հմտության շնորհիվ դու կարող ես լեզու գտնել և համագործակցել շրջապատի մարդկանց հետ։ Շփման հմտությունների առկայությունը կբարձրացնի աշխատունակությունը, կիջեցնի սթրեսի մակարդակը։ Սա հատկապես կարևոր է, երբ աշխատանքային միջավայրում պետք է շփվես մարդկանց հետ, ովքեր տարբերվում են իրենց արժեհամակարգով, իսկ մեծ և հատկապես միջազգային կազմակերպություններում այդպիսի դեպքերն ավելի շատ են։
Ուսանողական միջավայրը հիանալի օգնում է զարգացնել այս հմտությունները․ դու կծանոթանաս նոր մարդկանց հետ, կշփվես դասախոսների հետ։ Կարևոր է, որ ակտիվ մասնակցես դասընթացներին, պատրաստես պրեզենտացիաներ, մասնակցես սեմինարներին։ Սա կօգնի քեզ հստակ և ճիշտ արտահայտել քո կարծիքը։

Բյուջեի կառավարում
Բյուջեի պլանավորումը ու ֆինանսների կառավարումը անհրաժեշտ հմտություն է ամբողջ կյանքի համար։ Մենք մեր ալիքում բազմիցս անդրադարձել ենք այս թեմային և կիսվել մի շարք օգտակար խորհուրդ-հնարքներով։ Կարդաˊ այստեղ։

Ժամանակի կառավարում
Սա ժամանակը արդյունավետ կառավարելու և հնարավորինս շատ հանձնարարություններ կատարելու հմտությունն է։ Եթե դու քննությանը չես պատրասվում նախորդ օրը երեկոյան, ապա շնորհավորում ենք, դու ունես ժամանակի կառավարման որոշակի գիտելիքներ։ Այս հմտությունը կզարգանա, եթե սովորելուն զուգահեռ ունենաս նաև այլ զբաղմունք կամ աշխատանք։ Այս կերպ դու ստիպված կլինես կատարել մի քանի գործողություն և հետևել դրանցից յուրաքանչյուրին։ Գործատուն շատ է կարևորում այս հմտությունը։

Քննադատական մտածողություն
Քննադատական մտածողությունը մի քանի հմտությունների համախումբ է։ Մարդն ունի քննադատական մտածողություն, եթե․
Խնդրին մոտենում է մի քանի տեսանկյունից
Օգտագործում է տեղեկատվության մի քանի աղբյուր
Կարողանում է տարբերել կարևոր և երկրորդային տեղեկատվությունը
Հիմնավորում է կարծիքը փաստացի տվյալների հիման վրա
Կարողանում է ինքնուրույն լուծում տալ խնդրին
Կարողանում է լուծել ոչ ստանդարտ խնդիրներ՝ արագ համալրելով բաց թողնված գիտելիքները:

Այս հմտությունը զարգացնելու համար բավարար է լուրջ մոտենալ ուսանողական աշխատանքներին, կուրսային/դիպլոմային աշխատանքը դիտարկել որպես իրական հետազոտություն։ Պատրաստվի՛ր սեմինարներին և հավաքիˊր փաստերի խումբ՝ հիմնավորումներ կատարելու համար։ Նմանատիպ խնդիրների հաջող լուծման օրինակները պետք կգան նաև հարցազրույցների ժամանակ։

Քննադատությունն ընդունելու կարողություն
Խոշոր ընկերություններում քննադատական մտածողությունը աշխատանքային ընթացքի հիմնական շարժիչ ուժն է։ Եթե չիմանաս, թե ինչն է վատ, չես կարող բարելավել քո աշխատանքը։ Այդ պատճառով կարևոր է քննադատությունն ընկալել որպես գործիք, այլ ոչ թե անձնական մեղադրանք։
Այս ունակությունը զարգացնելու համար խնդրիˊր, որ դասախոսները և համակուրսեցիներդ կարծիք հայտնեն քո և քո կատարած աշխատանքի վերաբերյալ։ Օրինակ, պրեզենտացիան ներկայացնելու վերջում կարող ես լսարանին հարցնել, թե ինչը հավանեցին, ինչ անհասկանալի հարցեր մնացին։ Կարևոր է ոչ միայն լսել քննադատությունները, այլև ընդունել որպես ի գիտություն։